Ջոնաթան Լաքոթը վերահաստատել է Ֆրանսիայի կողմից համագործակցության պատրաստակամությունը․ Մկրտչյանն ու Լաքոտը հանդիպել են - armenia-news24.ru

Ջոնաթան Լաքոթը վերահաստատել է Ֆրանսիայի կողմից համագործակցության պատրաստակամությունը․ Մկրտչյանն ու Լաքոտը հանդիպել են


, | Опубликовано: 07:48 PM, May 19, 2021

IMG

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ։

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ընդգծելով կորոնավիրուսային համավարակի, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և այս պահին Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունը, իրադարձություններին արագ արձագանքը և սատարելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առաջնահերթություններ՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևորվել է ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։

«Սոցիալական պաշտպանության ոլորտում այժմ առաջնահերթ ենք համարում սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի իրականացումը․ այս պահին ռազմավարության մշակման փուլում ենք։ Պատրաստ ենք և ուրախ կլինենք համագործակցել, ուսումնասիրել ֆրանսիական փորձը՝ Հայաստանում այս ծրագրի արդյունավետ և հասցեական ներդրման համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Վերջինս ներկայացրել է նաև արցախահայության աջակցության ծրագրերը, անդրադարձել ոլորտային մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝ մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ևս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։

«Երկու երկրների համագործակցության արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր․ընթացք կտրվեն նաև այս պահի առաջնահերթություններին։ Համակարծիք ենք, որ սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայիս կարիքներին համապատասխան երկարաժամկետ լուծման տարբերակներից մեկը սոցիալական բնակարաշինության ծրագրին ընթացք տալն է, որը հնարավորություն կտա բնակության վայրը կորցրած քաղաքացիներին բնակարանով ապահովել»,- նշել է Ջ․ Լաքոթը։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության կողմից իրականացվող կարողությունների և կայուն զարգացման ծրագրերին։ Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին՝ համագործակցության շրջանակում ընդգրկելով նաև ֆրանսիական պետական և համայնքային կառույցների, մասնավոր ընկերությունների։




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!