Թող սկսեն Ռոբերտ Քոչարյանից. Ապօրինի հարստացածներից ամենավառ օրինակն է․ տնտեսագետ - armenia-news24.ru

Թող սկսեն Ռոբերտ Քոչարյանից. Ապօրինի հարստացածներից ամենավառ օրինակն է․ տնտեսագետ


, | Опубликовано: 06:40 PM, July 01, 2021

IMG

Նախկին ոստիկանապետի, նախկին նախարարի ու ԱԱԾ պաշտոնյայի մոտ 6 միլիարդի դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք կիրառելով գլխավոր դատախազությունը գործնականում սկսեց ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառությունը։ 

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ինչպես թավշյա հեղափոխության ժամանակ, այնպես էլ արտահերթ ընտրություններից հետո։ Հունիսի 21-ին հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իրենց հանձնառությունն ապօրինի գույք, թալանած փողեր վերադարձնելու վերաբերյալ։ «Մենք ամենևին չենք հրաժարվում նախկինում ժողովրդի առաջ մեր ստանձնած որևէ պարտավորությունից։

 Ժողովրդից գողացվածը մեր հրատապ օրակարգն է եղել։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ և այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է», – հայտարարել էր Փաշինյանը՝ առաջարկելով բոլոր այդօրինակ մարդկանց բանակցել պետության հետ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ. «Ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից  չկորցնել այդ հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործի։ Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակություններ գողացվածը վերադարձնելու համար, որը կծառայի ՀՀ սոցիալ տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-հայտարարել էր Փաշինյանը։  

Այսօր էլ գլխավոր դատախազությունում Փաշինյանը կարևորել է գործընթացը իրականացնելիս արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: «Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա»,-հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց որ հանրային մեծ պահանջ կա ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի մասով։ Դա հարկավոր է  իրականացնել նաև 30-ամյա վեճը հաղթահարելու և համերաշխություն հաստատելու համար.«Իսկ համերաշխություն կլինի միայն այն պարագայում, երբ կեղեքիչները կպատժվեն օրենքի տառին համապատասխան՝ համաներում կիրականացվի և նրանց կներվի քրեական պատասխանատվության հարցը, երբ ժողովրդից գողացվածը կվերադարձնեն»,-ասաց Արիստակեսյանը։

Իսկ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի «շահառուները» բավական շատ են։ Արիստակեսյանի խոսքով, պետք է նախ սկսել բոլոր նախագահներից, ապա անցնել վարչապետերին, նախարարներին.«Թող սկսեն Ռոբերտ Քոչարյանից։ Ապօրինի հարստացածներից ամենավառ օրինակն է։ Նայեք նրանց հայտարարագրած գույքերին։ Որտեղի՞ց։ Նրանք պետական պաշտոնյաներ են եղել և բիզնեսով զբաղվելու իրավունք չեն ունեցել։ Հարուստ տատիկ, պապիկ էլ չեն ունեցել, որ ժառանգություն թողնեին։ Եթե թողել են, թող ապացույց ներկայացնեն»,-նկատեց Արիստակեսյանը։

Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը, սակայն, մտահոգութուններ ունի։ Նրա խոսքով՝ գործընթացը լիարժեք չէ, երկար, ժամանակատար է և ավելի շատ վհուկների որսի է նման, որը իր մեջ վտանգներ է պարունակում։ Տնտեսագետի խոսքով՝  մինչև նման քայլի գնալը, հարկավոր էր մտածել՝ դա արդյունքներ կտա՞, թե՞ ոչ։ Իսկ տարբեր երկրների փորձը գործընթացում ավելի շատ ձախողումներ է կանխատեսում, քան՝ հաջողություններ.«Անհրաժեշտ էր մինչև նման լուծումների գնալը, ուժայիններին ներգրավվելը, հարցին տալ ինստիտուցիոնալ լուծում։ Այսինքն կիրառել ունեցվածքային, եկամուտների, կապիտալի, հարկային համաներումներ։ Պետությունը չի կարող իր բոլոր հնարավորությունները դնել և վհուկաորս սկսել»,-ասաց Մարգարյանը՝ որպես օրինակ բերելով Ծաղկաձորի «Գոլդեն Փալաս» հյուրանոցը, որը պետության հաշվեկշռում հայտնվելուց հետո դրա ճակատագիրն այդպես էլ պարզ չի դառնում։ 

Պետությունը չի կարողանում այն շահեկան ձևով կա՛մ տնօրինել, կա՛մ վաճառել։ Նույնն էլ, մեր զրուցակցի խոսքով, կլինի մյուս բռնագանձված գույքերի դեպքում։ «Սա պարզապես կդառնա հաշվեհարդարների միջոց։ Այո, ովքեր եղել են պաշտոնյաներ,այդ թվում վերջին երեք տարվա ընթացքում, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, զարտուղի ճանապարհներով, ատկատներով, կաշառքով գույք են կուտակել, ակտիվներ են ձեռք բերել։ Այո, նրանք պետք է պատասխանատվության կանչվեն, բայց լայն իմաստով այդպիսի հնարավորություններ ո՛չ ուժային համակարգը ունի, ո՛չ էլ պետական կառավարման համակարգը։ Հետևաբար հարցին պետք էր տալ ինստիտուցիոնալ լուծում»,-ընդգծեց Մարգարյանը։ 

Տնտեսագետը մտահոգություն ունի, որ նման քայլերի դեպքում՝ ապօրինի գույքը բռնագանձելու դեպքում, կապիտալը պարզապես կփախչի երկրից. «Շատ երկրներ փորձել են նման լուծում կիրառել, բայց դա լուրջ արդյունք չի տվել։ Չի կարելի վհուկների որսի համար երկրում առկա մոբիլ կապիտալը դուրս հանել երկրից։ Իսկ դրա վտանգը մեծ է։ Մարդիկ պարզապես կվերցնեն իրենց ուենցածը ու կհեռանան Հայաստանից։ Հետևաբար կրկնում եմ՝ հարցերին պետք էր ոչ թե հատվածական, թիրախային լուծումներ տալ, այլ՝ ինստիտուցիոնալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Արփի Հարությունյան




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!